Ներքին դրամա Արցախից

Արցախում վիճակը տխուր ա։ Հայաստանում ավելի լավ չէ։ Թեկուզ, իրականության մեջ, ես Արցախը որպես առանձին պետություն լուրջ չեմ ընդունում՝ էդ ինքնախաբեություն ա։ Արցախը Հայաստանի նահանգ ա, Արցախը չպիտի առանձին ընդունվի։

Ուրեմն, Հայաստանում վիճակը տխուր ա՝ մենք ունենք ոչ կոմպետենտ կառավարություն, տհաս ժողովուրդ ու լիքը կյանքի ու մահվան խնդիրներ, որոնք լուծման չեն արժանանում, որովհետև խորհրդարանում վստահ են, որ Արցախի սոցիալական խնդիրները լուծված են և ժամանակն է լեզվի հարցը լուծել։

Ես, որպես մարդ, որ իր ամբողջ կյանքը ապրել է Ստեփանակերտում, ընդունում եմ՝ հա, մեզ մոտ ռուսերենի հանդեպ ուրիշ վերաբերմունք կա։ Ես ծնվել եմ ռուսախոս ընտանիքում, մեր տան գրքերի 80%ը ռուսերեն են, իսկ հայերեն խոսելուց ես ավելի շատ ռուսերեն բառեր եմ օգտագործում, քան հայերեն։ Հատկանշական է, որ այսպես են ապրում բազմաքանակ Արցախյան ընտանիքներ և այս ամենը ունի շատ պարզ պատճառ՝ սովետի ժամանակ Արցախում երկու պետական լեզու կար՝ ադրբեջաներեն և ռուսերեն։ Հասկանալի է, հայ բնակչությունը օգտվում էր ռուսերենից և մինչև հիմա էլ պահում է իր հետ այդ ժամանակներից եկած սովորությունը։

Այսպիսով, ռուսերենը որպես պետական լեզու ընդունելը ինձ չի նեղում լեզվական առումով՝ ես խոսում էի ռուսերեն և կշարունակեմ խոսել ռուսերեն որոշ մարդկանց հետ՝ անկախ ռուսերենի պետականացումից։ Ուրիշ բան է, որ ռուսերենի պետականացման նպատակը հայերին ռուսների հետ ասիմիլացնելը չէ՝ դա իրոք անհնար է, որովհետև բնակչության 98% հայ են ու այնպես չի, որ բոլորի ուշքը գնում է ռուս օֆիցերների համար։

Ռուսերենը Արցախի 2րդ պետական լեզու դարձնելը ունի մի նպատակ՝ արմատականորեն հաստատելու ռուսաստանի ներկայությունը մեր հայրենիքում և բոլորին ցուցադրելու, որ Ռուսաստանը դեռ երկար էս տարածաշրջանից դուրս չի գալու։ Ինձ, օրինակ, էդ շատ նեղում ա։

Մանկուց ի վեր ես երազել եմ միացյալ Հայաստանի մասին, որտեղ Արցախից Հայաստան զանգելու համար ռոումինգ պետք չի, որտեղ չկա ղարաբաղցի հայաստանցի տարանջատումը, որտեղ չկան նույնիսկ կոնցեպտուալ սահմաններ։ Արցախը Հայաստան է և վերջ, ես մատրայի նման կարող եմ կրկնել սա ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ ռուսերենի՝ մեր պետական լեզու դառնալը մի տհաճ կարմիր գիծ է գծում իմ մանտրայի վրա և ես միանգամից պատկերացնում եմ, ոնց է Պուծինը ծիծաղում իր գրասենյակում՝ Արցախը էն է, ինչ ես կուզեմ, որ ինքը լինի։

Չէ, պրն․ Պուծին, դուք իրավասու չեք ՄԵՐ Արցախին անուններ տալ, լեզուներ ավելացնել, խրատներ կարդալ։ Մենք վատն ենք, հա, անուս ենք, հա, բայց մենք հաջողությամբ ինքներս մեզ դրա համար պատժում ենք էն իրականությամբ, որում ապրում ենք՝ դուք մեզ պետք չեք։

Բայց ճիշտ ա, մենք պարտված երկիր ենք, պետք է անենք էն ամենը, ինչը մեզ ասում են։ Այստեղ արդեն առաջանում է մի կարևոր խնդիր՝ ինչու՞ ենք մենք պարտվել։ Այս հարցի պատասխանը պտտվում է “ժողովուրդ” ու “կառավարություն” կոնցեպտների մեջտեղում, և ժամանակն է պարզել, ի՞նչն է ինչ ծնել՝ հավը ձու, թե ձուն՝ հավ։

Ինձ իրավունք կվերապահեմ կոպիտ և կոշտ խոսել ղարաբաղցիների մասին, որովհետև ինքս նրանց վերաբերվելով, մի քիչ ավելի ծանոթ եմ տեղական զանգվածների կարծիքներին, կատարածներին, և որ պակաս կարևոր չէ՝ հանցանքներին։ Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, անհնար է ինչ-որ բան թաքցնել, դրա համար միանգամից մի կողմ նետենք ժողովրդին արդարացնելու հնարավորությունը՝ Ղարաբաղում բոլորը գիտեն ով ինչ ա անում, ինչպես ա անում, և, կարևորը, ինչ փողերով։ Սա շատ կարևոր փաստարկ է, խնդրում եմ հիշել դա, քանզի դրան մենք կվերադառնանք։

Ուրեմն, Ղարաբաղում բոլորը բոլորին գիտեն, բոլորը բոլորի գաղտնիքները գիտեն և թաքուն ոչինչ Ղարաբաղում չի կատարվում։ Անցած տարվա մարտին, նախագահական ընտրությունների ժամանակ, բոլոր թեքնածուները, ցավոք, մեկը մեկից վատն էին։ Ըստ իմ նեղ անձնական կարծիքի, սակայն, իրենց մեջ կար մեկը, ով մնացածից տարբերվում էր մի կարևոր հատկանիշով՝ Մասիս Մայիլյանը երբևիցէ որևիցէ կապ չի ունեցել նախկին իշխանությունների հետ։ Ասեմ ավելին, ինքը մեծ կոնֆլիկտների մեջ էր նախկին կառավարությունների հետ։ Մնացած բոլոր տարբերակները(իսկ մեր փոքրիկ “երկրում” կար 13 նախագահի թեքնածու,) այսպես թե այնպես թե նախկինում եղել են կառավարության անդամ, թե մինչև հիմա են հանդիսանում։ Մեծ մասը փտած, հոտած, անցյալում ապրող մարդիկ էին ու այդ բոլոր աղբի վերևում կանգնած էր Արայիկ Հարությունյանը՝ էս մարդկային կատակերգության հերոսը։ Չեմ նշելու, թե ինչպես են հէկ-երի մեծ մասը իր անձնական սեփականությունը, Արցախում ցորենի դաշտերի մեծ մասը իրենը, նույնիսկ, մած եվո, ջրամբարների ձկները իրենը՝ էս ամենը եթե գիտեմ ես( ամենա պոլիտպասսիվ անձնավորությունը մեր ամբողջ բակում), ապա մնացածները գիտեն և գիտեն։

Ես չեմ կարողանում Մասիսի մասին շատ խոսել, որովհետև չգիտեմ, թե ինչպիսի նախագահ կլիներ ինքը և ինչպես կվարվեր տվյալ դրության մեջ, բայց մի բանի մեջ վստահ եմ՝ Արցախում կառավարության գլուխ կկանգներ նախկին գող-բանդիտների, կռվի շնորհիվ հարստացած ու մարդկայնությունը կորցրած մարդկանց հետ կապ ՉՈՒՆԵՑՈՂ մեկը։ Ինձ համար սա կարևոր ա, որովհետև մեր տրագեդիան, որպես ազգի, կապված է այն փաստի հետ, որ մեր կյանքը կառավարում են էն հին գողական թայֆայի մարդիկ՝ ռոբ/սերժ/նիկոլ(գիտեմ որ ինքը մաս չէր կազմում, բայց նույն շրջապատի ծնունդ ա)։ Այստեղ գրված անունները համահայկական են, իսկ Արցախում, բացի իրենցից, կա տեղական “կռուգ” իր Օգանովսկիով, Հարությունյանով, Իժոյով և Ձեզ անծանոթ լիքը անուններով։ Էս մարդիկ տարիներ շարունակ թալանել են Արցախը և տարիներ շարունակ իրենց համար դղյակներ են կառուցել՝ կալցեվոյի զինվորական չասծի զինովորների ձեռքերով։ Հա, հենց տենց, սաղի դիմաց, հայ զինվորը իր մարզումները ոչ թե մարզասրահում էր կատարում, այլ Իվանյանի տան համար քարեր կրելով և ցեմենտ խառնելով։

(գիտեմ, որ երկար եմ գրում, բայց մի օր էս ամենը պետք ա իմ մեջից դուրս գա, ուրեմն թող լինի այսօր)

Այսքանը պատմեցի, որ պատկերացում ունենաք ինչպիսի վիճակ էր Արցախում, երբ եկան նախագահական ընտրությունների օրերը։ Պայքարը հիմնականում Մասիսի և Արայիկի մեջ էր։ Հաղթել է Արայիկը, թե ինչպես՝ այսքանից հետո պիտի որ կարողանաք գուշակել։ Լացելու չափ մի ծիծաղելի բան ասեմ՝ Ստեփանակերտում ձայների մեեեեծամասնությունը Մասիսինն էր, իսկ Արայիկը ամենաշատ ձայները հավաքել է գիտե՞ք ուր՝ Հադրութում և Լաչինում։ Էս մարդիկ, ստացվում է, ինքներն իրենց ձեռքերով համ իրենց տունն են ադրբեջանցուն տվել, համ իրենց տղաներին։ Ու հա, էդ տենց ա՝ մարդկանց ոչ մեկ մահակով ու կացնով չէր ստիպում գնային Արայիկին ձայն տային, էդ իրանք էին որոշում, որ թազա կռիշան, երկու ավել կովը կամ մորեղբորը գործի դնելը ավելի կարևոր ա քան նորմալ նախագահ ընտրելը, դրա համար էլ հիմա ոչ կռիշա ունեն, ոչ կով, ոչ էլ մորեղբայրն ա ողջ։

Հիմա լավ, Արայիկը նախագահ դարձավ, բայց ոչ մեկ չի հավատում, որ ինքը պատերազմ ա ուզեցել կամ ուզել ա պարտվենք։ Ես էս ամեն ինչը հարցի տակ եմ դնում։ Եթե պրն․ Հարությունյանը չի իմացել, որ պատերազմ ա լինելու, ապա ինքը ահավոր վատ նախագահ է և պետք է հենց հիմա գահընկեց արվի։ Էդ ոնց է, որ ադրբեջանցիք գիտեին միլիմետրերի ճշտությամբ մեր բոլոր ռազմական բազաները, իսկ Հարությունյանը չգիտեր, որ մեծամասշտաբ պատերազմ ա սկսվելու։ Շպիոնաժի մասին իրեն պատմողը հո ես չեմ, Արցախը իբր մոշնի կագեբեշնիկներ ունի՝ էդ ինչպես ա ստացվել, որ ադրբեջանցիք քանի տարի ա պատերազմ են պլանավորում ու մերոնք չգիտեին։ Անհնար էր էս ամեն ինչը չտեսնելը կամ չիմանալը, դրա համար գալիս ենք լոգիկային մոտ հետևության՝ բա եթե գիտեին, ինչո՞ւ չէին պատրաստվում պատերազմին։ Ինչու՞ միակ բանը, որ իրենք արեցին, էդ մի օր առաջ պահեստների մի մասը դատարկելն էր։ Ես այստեղ անիմաստ ինչուներ հիմա չեմ տալու, քանզի դրա մասին լավ գրել է հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ կարող եք հիմա իրեն կարդաք ու հետ վերադառնաք։

https://hetq.am/hy/article/127361?fbclid=IwAR2aJLiwGpdew7SU9WsmYQwztTDujGwuDkWephSsmm1C-3BiWzvVCuF7PLg

Հա, ես աբսոլյուտ չգիտեմ՝ Արայիկ Հարությունյանը էս ամենը արել ա, որովհետև ինքը տգետ էր, թե՞ որովհետև իրոք ծախել ա մեր հայրենիքը։ Երկու տարբերակներին էլ ճշմարտության հնարավորություն եմ տալիս և երկուսի դեպքում մեկա զզվում եմ իրենից՝ ինքը իրավունք չուներ նախագահ լինելու ու եթե ինքը գոնե մի քիչ արժանապատվություն ունենար՝ ամիսներ առաջ իրա ինքնասպան եղած դին մի տեղ պետք ա գտնեինք։ Բայց ինքը արժանապատվությունից զուրկ մարդ ա։

Չգիտեմ՝ ինչքանով ձևական կամ ոչ ձևական էր ինքը մարդկանց խնդրում գնալ կռվել, բայց եկեք նեղ անձնական, ոչ մի տեղ չհրապարակված բան պատմեմ ձեզ։ Իմ պապան պատերազմի ժամական և հետո գոնե մի րոպեով չի լքել Ստեփանակերտը։ Նույնպես էլ մամաս, բացի վերջին շաբաթից, երբ որ որոշեց գալ և երևանում թողնել մի քանի թանկարժեք բաներ՝ եթե հանկարծ պատերազմին ամեն ինչ կորցնենք։ Քաղաքում, մինչև պատերազմի վերջին շաբաթը, լիքը մարդիկ կային։ Լիքը կանայք սպասում էին իրենց որդիների և ամուսիններին, լիքը տատիկ պապիկներ հրաժարվում էին իրենց տները լքել և այլն։ Իմ տատիկ պապիկն էլ, իմիջիայլոց, տանն էին ապրում և ամբողջ պատերազմի ժամանակ նկուղ չեն իջել։ Հիմա հա, Ստեփանակերտը մարդկությամբ լցված էր, պատերազմը գնում էր, մեկ էլ Արայիկ Հարությունյանից հրաման ա գալիս՝ ամբողջ քաղաքը էվակուացնել։ Բռնի ուժով, տնային շորերով, հողաթափերով մարդկանց ամեն տեղից հավաքում էին ու տանում Երևան։ Էդ առաջին “էվակուացիա”ն է։ Հաջորդ օրը անհասկանալի ձևով թուրքերը հասնում են Շուշի։ Մնացած մարդիկ Ստեփանակերտում ապշած են, բայց ոչ ոք չի գնում, սաղ տեղներ նստած սպասում են, քանզի անհավատալի բան ա՝ Շուշին վերցնել։ Նոյեմբերի 8ին, երբ որ իմ սիրելին Շուշիում կանգնած կռվում էր ու իրենք հակահարված էին պլանավորում հաջորդ գիշեր, որ վերջնականապես ՄԱՔՐԵՆ Շուշին թուրքերից(note: տասնյակ մարդկանց հետ եմ խոսացել Շուշիում կռվող՝ բոլորը նույն բանն էին ասում՝ Շուշին կեսից չափ արդեն հետ վերցված էր), Արայիկ Հարությունյանի հրամանով Ստեփանակերտից հանվում են ԲՈԼՈՐԸ։ Նոյեմբերի 9ին, պապայիս հետ միասին, Ստեփանակերտում կար 500ից ոչ ավել մարդ` 55 000ի փոխարեն։ Ստեփանակերտ գրավելը էդ պահին կազմում էր մի քանի ժամվա հարց, ասում ա պապաս։ Զորքի մեծ մասը Շուշի էր, մնացածը տարբեր տեղեր էին մարտի, իսկ Ստեփանակերտը, լիովին մարդաթափված, բաց էր մնացել թշնամու դիմաց։ Ինքնապաշտպանույուն կազմակերպելը այլևս ձև չէր, քանզի մարդ չկար այլևս որ որևիցէ բան պաշտպաներ։

Անպատասխան հարց ա առաջանում՝ ինչու՞ էին Ստեփանակերտը միտումնավոր մարդաթափում։ Ես չգիտեմ, դուք էլ դժվար իմանաք։ Զուտ իմացեք, որ ես կարող ա հիմա տանը չլինեի ու անկողնում պառկած էս ամենը չգրեի՝ եթե էդ պահին ադրբեջանական զորքը շարժվեր դեպի Ստեփանակերտ։